Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց․Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել

375

Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։

Կառավարության արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: «Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ   մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով: