Բեյրութի պայթյունի պատճառած վնասը 15 միլիարդ դոլար է գնահատվել

232

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառած վնասը ավելի քան 15 միլիարդ դոլար է գնահատվել: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Լիբանանի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Նախագահ Աունը նշել է, որ, նախնական գնահատականներով, Լիբանանի կրած վնասը գերազանցում է 15 միլիարդ դոլարը»,- նշվում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Իսպանիայի միապետը ցավակցություն եւ համերաշխություն է հայտնել Լիբանանի ժողովրդին, ինչպես նաեւ` անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն:

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական 3 միլիարդ դոլար էին գնահատել: Ավելի վաղ Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդը հայտարարել էր, որ քաղաքի վերակառուցման համար 12-ից 15 միլիարդ դոլար կպահանջվի: Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը չորեքշաբթի հայտնել էր, որ պայթյունը մասամբ կամ ամբողջությամբ մոտ 4000 շենք է ոչնչացրել: