ՀԲ․ Բեյրութի պայթյունի հասցրած նյութական վնասը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար

117

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան նյութական վնաս է կրել Լիբանանը՝ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Ըստ մասնագետներ գնահատականի՝ վնասի չափը կազմել է 3․8- 4․6 մլրդ ամերիկյան դոլար։

Պայթյունի հետևանքով քաղաքում ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մի շարք հաստատությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում կտրուկ նվազել է տնտեսական ակտիվությունը, ինչն էլ հանգեցրել է երկրում աղքատության մակարդակի էլ ավելի նվազմանը․ ըստ մասնագետների՝ առանց այդ էլ աղքատության մակարդակը Լիբանանում կազմում էր շուրջ 45 տոկոս։

Այժմ Լիբանանն ու կառավարությունը օտարերկրյա ներդրումների և ֆինանսական աջակցության խիստ կարիք ունեն՝ առնվազն անտուն և առանց աշխատանքի մնացած անձանց անհետաձգելի աջակցություն ցուցաբերելու և ինչ-որ չափով մանր ու խոշոր բիզնեսը խթանելու համար։

Հիշեցնենք, որ 2020թ․ օգոստոսի 4-ին մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունը շուրջ 220 անձանց մահվան պատճառ դարձավ։ Գրեթե 6000 քաղաքացի տարբեր վնասվածքներ ստացան։ Աղետի հետևանքով 250-300․000 բնակիչ մնաց առանց տանիքի։ Նախնական տվյալներով՝ պայթյունը պահեստներից մեկում ամբարված 2700 տոննա ամոնիումի նիտրատի բռնկման հետևանք էր։