«Վրացական երազանք»-ը նշել է վարչապետի անունը հաղթելու դեպքում

82

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ 2020թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կառավարության ղեկավար կդառնա գործող վարչապետ Գեորգի Գախարիան: Նա նաև կուսակցական ցուցակում առաջինն է:

«Մենք չենք ասում վարչապետի թեկնածու, այլ վարչապետ»,-հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ չի կասկածում իրենց հաղթանակին:   

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 40,54%-ից ոչ պակաս ձայն: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: