ԵՄ-ը, հնարավոր է, պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ

80

Եվրոպական միությունը, հնարավոր է, պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ՝ փորձելով հասնել նրան, որ Անկարան սահմանափակի Միջերկրական ծովի արևելյան շրջանում գազի որոնման աշխատանքները:

ԵՄ անդամ երկրներ Հունաստանը և Կիպրոսը վտանգ են զգում, և այդ պատճառով ջանք չեն խնայում, որ ԵՄ-ը, բացի Բելառուսից, պատժիչ միջոցներ սահմանի նաև Անկարայի նկատմամբ: Աթենքն ու Նիկոսիան նշել են, որ միանալու են Բելառուսի դեմ պատժամիջոցներին այն դեպքում, եթե  պատժամիջոցներ կիրառվեն նաև Անկարայի դեմ:

ԵՄ-ում պատժամիջոցներն ընդունվում են միաձայն, սակայն յուրաքանչյուր անդամ-երկիր կարող է արգելափակել այդ քայլը: Սեպտեմբերի 10-ին Կիպրոսը ցույց տվեց, որ պատրաստ է գնալ այդ քայլին ՝ հրապարակավ սպառնալով վետոյի իրավունքով: 

Նշենք, որ վերջին շրջանում մի կողմից Աթենքի և Նիկոսիայի, մյուս կողմից Անկարայի միջև լարվածությունը սրվել էր Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում,  զորավարժություններ անցկացնում: