Հակոբ Բագրատունին կառավարության կազմության հարցով խորհրդակցություն է ունեցել Լիբանանի նախագահի հետ

66

Լիբանանի խորհրարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին Բաաբդա պալատում կառավարության կազմության հարցով խորհրդակցություն է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Հանդիպման ընթացքում Բագրատունին հաստատել է, որ նախարարությունների հերթափոխության մասին ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կեցվածքը սկզբունքային է և հնուց եկած, այսինքն` անպայման շիա համայնքին չի վերաբերվում:

«Նախարարությունների հերթափոխության մասին մեր կարծիքը նոր չէ. մենք միշտ էլ ասել ենք, որ նախարարությունները համայնքների սեփականությունը չեն: Մեզ համար անընդունելի է նախարարությունների որակումը`  ուժային, ծառայությունների, երրորդ կամ չորրորդ կարգի նախարարություններ: Հետևաբար, մենք համաձայն ենք նախարարությունների հերթափոխությանը», -շեշտել է հայ պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետի կողմից նախարարների անունները հստակեցնելու դեպքում իրենք պետք է իմանան, թե ովքեր են նախարարները:

«Վերջին հաշվով պատգամավորական դաշինքներն են, որ կառավարությանը վստահության քվե պիտի շնորհեն: Այսինքն, ինչքան էլ վստահենք վարչապետին, մենք պետք է տեղեկություն ունենանք նախարարների մասին»,-ասել է Բագրատունին:

ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ մերժելի է այն գաղափարը, թե այստեղ բոլորը վատն են, և ուրեմն պետք է դրսից նոր նախարարներ բերել:

«Մենք դրսից նախարար բերելու գաղափարին դեմ ենք: Մենք պիտի մասնակցենք կառավարության կազմելուն և մեզ անծանոթ մարդուն քվե տալուն պատրաստ չենք: Եթե մենք հայ նախարարի անվան շուրջ համաձայն չլինենք, վստահ չենք, որ կառավարությանը վստահության քվե կշնորհենք»,-ընդգծել է Հակոբ Բագրատունին: