Լիբանանի նախագահն օգնության խնդրանքով դիմել է աշխարհին

101

Լիբանանի նախագահ Միշել Աունը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, օգնության խնդրանքով դիմել է աշխարհին:

Տեսաուղերձում Աունը հայտնել է, որ Լիբանանի շատ խնդիրներ աննախադեպ սպառնալիք են նրա գոյության համար՝ նշելով, որ տնտեսության և ավերված նավահանգստի վերականգնման համար Լիբանանը միջազգային հանրության օգնության կարիքն ունի: Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները կարողանան իրենց վրա վերցնել դրանցից մեկի վերակառուցման պատասխանատվությունը:

«Այսօր Բեյրութը փորձում է վեր հառնել ավերակներից: Եվ բոլոր լիբանանցիների համերաշխության շնորհիվ և ձեր աջակցությամբ նա կարող է բուժել իր վերքերը: Նա ոտքի կկանգնի, ինչպես բազմիցս արել է իր պատմության ընթացքում»,-ասել է Լիբանանի նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել, որը խլել էր 191 մարդու կյանք: Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Լիբանանի մայրաքաղաքին պատճառվել է 3,8-4,6 մլրդ դոլարի վնաս: