ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

67

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ:

ԱԺ հայտարարությամբ պատգամավորները, մասնավորապես, շեշտել են, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: ՀՀ ազգային ժողովը վերահաստատել է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը: