Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

65

Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին հաջորդած ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարությունը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը ոչ միայն նշեց, որ պետք է բացառել ուժի կիրառումը, այլև նշեց, որ չպետք է ռազմական գործողություններին ներգրավվեն երրորդ երկրները: ԱՄՆ Պետդեպն այս հայտարարությամբ նկատի է ունեցել Թուրքիային»,-սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ իրենց մշտական ներկայացուցչություններն արտերկրում այժմ աշխատում են արտակարգ ռեժիմով:

«Տարբեր կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում: Հայտարարություններ են արվում ի պաշտպանություն Արցախի ու դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Կան հայտարարություններ բոլոր մայրցամաքներից: Սպասվում է նաև, որ Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր կընդունի առաջիկայում»,- նշեց նախարարը: