Ադրբեջանում կանանց 20․9 տոկոսը կողմ է բռնությանը

380

Ադրբեջանի՝ ընտանիքի, կանանց ու երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հյուսեյնովան ուշագրավ տվյալներ է հրապարակել երկրի բնակչության շրջանում ընտանեկան բռնության նկատմամբ հանդուրժողականության վերաբերյալ։

«Մեր կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց 41, իսկ  կանանց 34․7 տոկոսը ստիպված է հանդուրժել բռնությունը՝ հանուն ընտանիքի պահպանության։ Բացի այդ՝ կանանց 20․9, իսկ տղամարդկանց 37․4 տոկոսը համոզված են, որ կանայք երբեմն արժանի են ծեծի ենթարկվելու», — ասել է Հյուսեյնովան՝ «Վերջ կանանց ու երեխաների դեմ բռնությանը» խորագրով նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բռնության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ձևավորվում է հայրիշխանական մշակույթի ու աշխարհընկալման համատեքստում․  «Այս մոտեցման չեզոքացումը երկարատև գործընթաց է։ Նման ընտանիքների հետ պետք է ժամանակին կանխարգելիչ աշխատանքներ կատարել։ Այնտեղ, որտեղ ակտիվ կանխարգելիչ աշխատանք է տարվում, բռնություն տեղի չի ունենում։ Կնոջ նկատմամբ բռնությունը միայն ընտանիքի խնդիրը չէ։ Բռնություն գործադրող անձանց 70 տոկոսը նույն կերպ է վերաբերվում նաև երեխաների հետ։ Այդ տեսակետից, եթե տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, նա կարող է նույնն անել նաև իր երեխայի նկատմամբ», — ասել է Հյուսեյնովան։

Ընտանիքի, կանանց ու երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահը նշել է, որ կանանց նկատմամբ բռնությունը ժամանակակաից աշխարհի առաջնային խնդիրներից է։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները վկայում են, որ յուրաքանչյուր երեք կանանցից մեկը երբևէ բռնության է ենթարկվել, և յուրաքանչյուր 3 րոպեում մեկ կին բռնության զոհ է դառնում։