ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված տարածքների թիրախավորման առթիվ

140

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: 

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրացումը, որը շարունակվում է` չնայած միջազգային հանրության՝ մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու շարունակական հորդորներին: Նա խորապես մտահոգված է ռազմական գործողությունների ընդլայնման, այդ թվում՝ բնակելի տարածքների թիրախավորման մասին զեկույցների կապակցությամբ: Նա հիշեցնում է կողմերին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին:

Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ  շեշտում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները: Նա կոչ է անում բոլոր համապատասխան տարածաշրջանային և միջազգային դերակատարներին՝ ակտիվորեն կիրառել իրենց ազդեցությունը՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: