Շոյգուն մտահոգություն է հայտնել ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

619

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում  Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Պնախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ: ՌԴ Պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ, որի նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը: