WSJ. Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

488

The Wall Street Journal թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել հարյուրավոր վարձկաններ, որոնք կապված են Թուրքիայի հետ:

«Թուրքիայի հետ համագործակցող հարյուրավոր սիրիացի գրոհայիններ միացել են Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև կռիվներին, ևս մի քանի հարյուրը պատրաստվում են մեկնել»,-թերթին փոխանցել են Սիրիայում իր երկու աղբյուրները, որոնք առնչություն ունեն գրոհայինների տեղափոխման գործընթացի հետ:

Աղբյուրները հայտնել են, որ տեղեկությունը, որ Թուրքիան գրոհայիններ է հավաքագրում, տարածվել էր հուլիսին, երբ այս շրջանում բախումներ սկսվեցին:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ զինյալները Ղարաբաղ են մեկնել սեպտեմբերի կեսերին՝ յուրաքանչյուր խմբում 100 մարդ: Մեկ այլ սիրիացի, որը կապ ունի գրոհայինների հետ, նույնպես հաստատել է, որ այս շրջան են գնացել հարյուրավոր մարդիկ, սակայն «տասնյակներն արդեն եկել են՝ տագնապած կատաղի մարտերից»:

Մարտերին մասնակցելու համար վարձկանները ստանալու են ամսական մինչև 2000 դոլար աշխատավարձ, սակայն «սիրիացի գրոհայինների շրջանում կորուստները շատ արագ աճում են և մոտ 200 սիրիացի արդեն խնդրել է, որ վերադառնա»:

Ի դեպ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Անկարան Ադրբեջանում կազմակերպել է երկշաբաթյա զորավարժություն և «Ադրբեջանի իշխանություններին է տրամադրել հարվածային ԱԹՍ-ներ»: