Հունաստանի արտգործնախարարն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին

92

Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Այս մասին Հայաստանի և Հունաստանի Արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք այսօր ունեցանք արդյունավետ ու կառուցողական քննարկում մեր ընդգրկուն օրակարգի շուրջ: Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական վտանգի առջև: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իմ գործընկերոջը՝ այս իրավիճակում Հայաստան այցելելու և իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար: Մեր տարածաշրջանները՝ Արևելյան միջերկրականն ու Կովկասը, այս պահին բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ ու բարեկամական բնույթով:

«Մեր երկու բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:  Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցում: Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: