Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում՝ Իսրայելի դեսպանատան մոտ

117

Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը, հայտնում է Aliq.ge-ն:

«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում էր նրանով, որ եկամուտի աղբյուր է, ապա հիմա, երբ Ադրբեջանն Արցախի պատերազմը սառեցվածից ակտիվ փուլ տեղափոխեց, ձեր կողմից վաճառված զենքից մահանում է խաղաղ բնակչությունը, ընդ որում մանկահասակ երեխաները, ինչն անընդունելի ենք համարում և պահանջում  անհապաղ դադարեցնել ահաբեկչությանն աջակցող այս գործողությունը»:

Ցուցարարները կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը.

«Ազգը, որն անցյալ դարում հոլոքոստ է ապրել, նրա իշխանության գործողություններն անտրամաբանական են և սխալ, կոչ ենք անում ուշքի գալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կործանիչ քաղաքականությունը, ինչպես սա արեցին շատ երկրներ, ինչպես նաև դադարեցրել և արգելել զենքի վաճառքը ահաբեկիչներին, ինչպես դա արեց այնպիսի առաջադեմ երկիր, ինչպիսին է Կանադան։ Կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ երկրներին և աջակցել արդարությանն ու խաղաղությանը»,- նշել են ցուցարարները: