Բաքուն ներկայացրել է հակամարտության խաղաղ կարգավորման իր համար ընդունելի միակ տարբերակը

422

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման սեփական տեսլականը։ Խորհրդի նիստը տեղի կունենա 2019թ․ դեկտեմբերի 5-6-ին՝ ԵԱՀԿ նախագահող երկիր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Նշենք, որ նիստի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանության կողմից Twitter-ում հրապարակվել է այդ կարգավորման ադրբեջանական տարբերակը նկարագրող մի փաստաթուղթ։ Դրանում նշված է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ խաղաղ բանակցային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կատարյալ պահպանման պայմանով։

Ադրբեջանն առաջարկել է կոնֆլիկտի փուլային կարգավորում, որի դեպքում նախ և առաջ հայկական կողմը լիովին և առանց վերապահումների պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից։

Հաջորդ փուլում ԼԵռնային Ղարաբաղ պետք է վերադառնան այնտեղից հեռացած ադրբեջանցիները, պետք է ապահովվի նրանց լիակատար անվտանգությունը:

Այնուհետև, ըստ փաստաթղթի, Արցախը Ադրբեջանի Հանրապետության կազմում և Ադրբեջանի սահմանադրության համաձայն պետք է ստանա նոր կարգավիճակ։ Այդ կարգավիճակը պետք է ապահովի Արցախի հայ և վերաբնակեցված ադրբեջանցի քաղաքացիների խաղաղ և իրավահավասար գոյակցությունը։

Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության՝ վերը նշված նախագծից տարբերվող որևէ այլ քաղաքական լուծում։