Ադրբեջանի հերթական վանդալիզմը Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ. Մայր Աթոռը խիստ դատապարտել է

240

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության բաժինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը։

«Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ժողովրդի շրջանում հայտնի էր «Կանաչ ժամ» անունով: