Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը` Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած խորհրդատվական բանաձևի վերաբերյալ

568

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձև ընդունելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երեկ ընդունած որոշումը միջազգային ամենահիմնարար նորմերը՝ օրինականությունն ու արդարադատությունը հանուն ներքաղաքական մտադրությունների անտեսելու օրինակ է, իսկ որոշման մեջ Թուրքիայի վերաբերյալ շարադրված անհիմն պնդումները ամբողջովին մերժում ենք:

Ֆրանսիայի Սենատի այս որոշումը ցույց է տալիս թե, ինչու համանախագահների կողմից (որոնք պետք է անկողմակալ լինեին) իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները մինչև այսօր խնդրին լուծում չեն տվել:

Հայաստանի՝ նախ Թովուզում, ապա Լեռնային Ղարաբաղում իրականացրած սադրանքներին Ադրբեջանը տվեց անհրաժեշտ պատասխանը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով շուրջ 30 տարի օկուպացված իր հողերը: Փաստաացի մարտադաշտում Ադրբեջանի գրանցած արդյունքը իր այն իրավունքների յուրացումն էր, որոնք արտացոլված էին ՄԱԿ-ի որոշումներում ու ամրագրված, բայց չէին կատարված Մինսկի խմբի կողմից, որի համանախագահներից մեկը Ֆրանսիան է: ՄԱԿ-ի բանաձևերը պարտադրում են հայերի անհապաղ և առանց նախապայմանների դուրսբերումը գրավյալ ադրբեջանական տարածքներից:»

Այս պարագայում Ֆրանսիայի Սենատի կոչը Ադրբեջանին՝ դուրս գալ օկուպացիայից ազատագրած սեփական հողերից, ծիծաղելի, կողմնակալ և իրականությունից կտրված մտածողության դրսևորում է: Ոչ մի ողջամիտ հիմնավորում չունեցող այս որոշումը սահմանափակում է նաև խնդրի լուծմանը Ֆրանսիայի՝ իրական ներդրում ունենալու հնարավորությունները: Նույնիսկ Ֆրանսիայի կառավարության կողմից անընդունելի տարրեր պարունակող որոշման մեջ վերջին շրջանում Ֆրանսիայում հաճախակի նկատվող Թուրքիայի վրա կենտրոնանալու դրսևորումների արտացոլումը, եթե նույնիսկ զարմանալի չէ, ապա մտահոգիչ է»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ֆրանսիայի կողմից «Թուրքիայի՝ տարածաշրջանում արդարությունն ու օրինականությունը պաշտպանող սկզբունքային դիրքորոշումն ընդունելը և Թուրքիայի վերաբերյալ նաև պատմական առումով ծայրաստիճան սխալ հղումներից հրաժարվելը» կարևոր անհրաժեշտություն է փոխադարձ լավ հարաբերությունների տեսանկյունից:

Հայտարարության վերջում հույս է հայտնվում, որ Ֆրանսիան այսուհետ տարածաշրջանի կայունության հաստատման համար «կառուցողական» դիրքորոշում կորդեգրի, ապա նաև նշվում է, որ Թուրքիան պատրաստ է Արցախի խնդրի լուծման հարցում աշխատել Ֆրանսիայի հետ, ինչպես աշխատում է մյուս գործընկերների հետ: