Պարսից ծոցի երկրները Կատարի հետ կապերը կվերականգնեն մեկ շաբաթվա ընթացքում

185

Պարսից ծոցի արաբական երկրները մեկ շաբաթվա ընթացքում կվերականգնեն Կատարի հետ զբոսաշրջային, առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունը, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Անվար Գարգաշը:

Նրա խոսքով, չնայած վստահության վերականգնումը և աշխարհաքաղաքական բարդ խնդիրների լուծումը երկարաժամկետ խնդիրներ են, ֆիզիկական կապերն արագ վերականգնելու ձգտում կա:

«Որոշ խնդիրներ ավելի հեշտ են լուծվում, իսկ մյուսներն ավելի երկար ժամանակ են պահանջում: Մենք շատ լավ սկիզբ ունենք, բայց խնդիրներ կան վստահության վերականգնման հետ կապված»,- ասել է Գարգաշը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը 2017թ. խզել են կապերը Կատարի հետ` վերջինիս մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ: Սաուդյան Արաբիան մի քանի փուլ տևած բանակցություններից հետո, որին միջնորդել են Քուվեյթն ու ԱՄՆ-ը, 2020թ. վերջին հայտարարել էր հարաբերությունները վերականգնելու և սահմանը բացելու մասին։  2021.թ հունվարի սկզբին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 41-րդ գագաթաժողովին չորս երկրները և Կատարը ստորագրեցին համերաշխության ու կայունության համաձայնագիր։