Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ

135

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի հունվարի 11-ին:  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել է, որ Մոսկվայում Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի եռակողմ հանդիպմանը տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ համաձայնությունների հասնելու դեպքում հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։