Հայաստանում Իրանի դեսպան․ Հայաստանը վստահելի երկիր է, և մենք պետք է աջակցենք այն երկրին, որը միշտ մեր կողքին է եղել

143

Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Թավրիզի առևտրի պալատում մասնակցել է հայ-իրանական հարաբերություններ զարգացման թեմայով հրավիրված նիստին։ Իր ելույթում դեսպանը, մատնանշելով հայ-իրանական պատմական, մշակութային ընդհանրությունները, Իրանում խաղաղ համակեցությունը, շեշտել է, որ Հայաստանը մշտապես Իրանի կողմն է եղել և միջազգային նիստերում Թեհրանի օգտին է քվեարկել։

«Հայաստանը մի երկիր է, որ անկախությունից ի վեր մշտապես Իրանի կողքին է եղել, և հազիվ թե գտնվի մի երկիր, որ մեզ այդպես աջակցում է։ Հայաստանը վստահելի երկիր է, և մենք պետք է աջակցենք այն երկրին, որը միշտ մեր կողքին է եղել»,-ընդգծել է դեսպանը։

Զոհուրին նշել է, որ «Հայաստանից դուրս 11 մլն հայ է ապրում, որոնք Իրանին աջակից և սիոնիստական ռեժիմին դեմ ամենամեծ լոբբին են»։

«Արդյո՞ք չպետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Հայաստանը տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում լայն հնարավորություններ ունի։ Ցավոք, չնայած պատմական անցյալին և Արևելյան Ատրպականում ու Թավրիզում առկա հնարավարություններին, Հայաստանի հետ անհրաժեշտ կապերը չեն հաստատվել»,-նշել է դեսպանը և շեշտել, որ պետք է հստակ ժամկետներ սահմանվեն և վերացվեն առկա խոչընդոտները։

Զոհուրին, ընդգծելով, որ հայկական շուկան մրցակցային է, հավելել է․ «Այնպես չէ, որ այդ շուկան երկու ձեռքերի վրա մեզ են նվիրելու, այն մրցակցային է և դժվարությամբ ենք կարողանալու այնտեղ մուտք գործել։ Պետք է արհեստավարժ վարքագիծ դրսևորել։ Այդ շուկա մուտք գործելը շատ կարևոր է»։

Դեսպանը նաև շեշտել է տնտեսական պատվիրակությունների փոխայցերի, ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը։ Նիստի ընթացքում Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մոհամմադռեզա Փուրմոհամամդին ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կառավարության կողմից վստահվել է նահանգին։

Շեշտելով, որ Արևելյան Ատրպատականը դեպի ԵԱՏՄ դարպաս է՝ նահանգապետը նշել է․ «Ակնկալում ենք, որ նահանգում ԵԱՏՄ գրասենյակ կստեղծվի, և «Արաս» ԱՏԳ-ն էլ պատրաստ է այս հարցում բազմակողմ աջակցություն ցուցաբերել»։

Փուրմոհամմադին նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ նահանգի ծրագրերից մեկը սահմանին արդյունաբերական ավանների կառուցումն է։