Միջազգային կազմակերպությունները Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել իրավաբանների դեմ ճնշումները

213

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շուրջ չորս տասնյակ միջազգային ընկերություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանցի անկախ փաստաբանների դեմ կիրառվող ճնշումները։

Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Անար Բագիրովին ուղղված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Մենք՝  «Մարդու իրավունքների տան» 42 անդամներս ու գործընկերներս, պահանջում ենք անմիջապես դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների, այդ թվում՝ Շախլա Գումբատովայի և Էլչին Սադիգովի դեմ հարուցված գործընթացները»։

Շախլա Գումբատովան մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով զբաղվող փորձառու և հայտնի ադրբեջանցի փաստաբան է։ Նա ներկայացրել է մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների, այդ թվում՝ Ինթիհամ Ալիևի, Մեհման Հյուսեյնովի իրավունքները։ Գումբատովայի դեմ ճնշումները հատկապես սաստկացան 2018թ․՝ որպես Հյուսեյնովի պաշտպան հանդես գալուց հետո։ Էլչին Սադիգովը նույնպես հայտնի իրավապաշտպան է, ով զբաղվել է հատկապես քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց պաշտպանությամբ։

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են իրավաբանների ասոցիացիայի՝ փաստաբաններին աշխատանքից հեռացնելուն ուղղված վերջին գործողություններով։ Այդ մշտական արշավի նպատակը մարդու իրավունքների պաշտպանության գործում փաստաբաններին խանգարելն է։ Վերջին տարիների ընթացքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի իրավապաշտպանների դեմ որոշումներ են կայացվել, նրանց արգելել են աշխատել, ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել են նրանց  արտոնագրերը։ Այդ փաստաբանները ճնշումների են ենթարկվել, քանի որ պատրաստ են եղել պաշտպանել խոսքի ազատության իրավունքը, բարձրաձայնել իրենց վստահորդների կտտանքների մասին, պաշտպանել քաղբանտարկյալներին», — ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները կոչ են արել անհապաղ դադարեցնել Գումբատովայի և Սադիգովի դեմ ճնշումները և ապահովել նրանց լիիրավ անդամակցությունը իրավաբանների ասոցիացիային։