Կատարի Արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է արել երկխոսություն սկսել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ դա ի վերջո տեղի կունենա:
«Դա նաև ցանկություն է, որը կիսում են Ծոցի համագործակցության խորհրդի այլ երկրներ: Կատարը կխթանի բանակցությունները, եթե խնդրեն շահագրգիռ կողմերը, և կաջակցի, ով կընտրի այդ ուղին»,-Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է Կատարի ԱԳ նախարարը:
Նշենք, որ Կատարը և Իրանը կիսում են աշխարհում ամենամեծ գազային հանքավայրերից մեկը, և Դոհան ջերմ կապեր է պահում Թեհրանի հետ:
Կատարը և Ծոցի արաբական երկրները իրենց հարաբերությունները կարգավորեցին այս տարվա սկզբին՝ ստորագրելով համերաշխության ու կայունության համաձայնագիր։ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը Կատարի հետ կապերը խզել էին 2017թ.՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ: