Արցախի ԱԳ նախարարը գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին, ԵԽ մարմիններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

205

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել և օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և գերեվարել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: