Ադրբեջանում 4 օրում ավելի քան մեկ տոննա թմրանյութ է առգրավվել

536

Նախորդ շաբաթ Ադրբեջանի մաքսային ծառայությունները թմրանյութերի միջազգային առքուվաճառքի խոշոր դեպք են բացահայտել։

Հանցագործները փորձել են Ադրբեջանի տարածքով Իրանից Ուկրաինա տեղափոխել 933 կգ հերոին տեսակի թմրանյութ, սակայն մաքսատան աշխատակիցները հայտնաբերել ու առգրավել են այն։  Աղբյուրի հավաստմամբ՝ «սև շուկայում» դրանց արժեքը հասնում է միլիոնավոր դոլարների։  Դեպքից ընդամենը 4 օր առաջ մաքսատան աշխատակիցները նույն ուղղությամբ տեղափոխվող ևս 304 կգ հերոին էին առգրավել։

Ուշագրավ է, որ այս միջադեպերը լայնորեն լուսաբանվել են ռուսական և թուրքական լրատվամիջոցների կողմից, մինչդեռ ադրբեջանական մամուլը հիմնականում լռության է մատնել այն։

Ադրբեջանական «haqqin.az» լրատվակայքը հիշեցնում է,  որ դեռ 2017թ․ հայտնի բրիտանական «Independent» պարբերականը հայտարարել էր վերջին տարիներին Իրանից շուրջ 59 տոննա թմրանյութերի՝ Ադրբեջան տեղափոխման մասին։ Աղբյուրը որպես ապացույց հղում էր կատարել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից ուղարկված մի գաղտնի հեռագրի։ Ընդ որում՝ հատկապես խոշոր խմբաքանակ էր հայտնաբերվել 2014թ․, երբ վրացի ոստիկանները  Թուրքիայից Ադրբեջան ուղևորվող բեռնատարում հայտնաբերել էին հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ շուրջ 3 տոննա հերոին։ Թմրանյութերը եղել են 93 տակառներում՝ ջրային լուծույթի տեսքով, որի 80 տոկոսը մաքուր հերոին է եղել։

Աղբյուրի հավաստմամբ՝ Ադրբեջանը կարևոր օղակ է թմրանյութերի միջազգային անօրինական շրջանառության մեջ։ Հսկայական ծավալով թմրանյութերը Աֆղանստանից Եվրոպա են հասնում Իրան–Ադրբեջան–Վրաստան-Ուկրաինա- Մոլդովա ճանապարհով։