ՄԻՊ-ը Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հարցերով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին ու միջազգային այլ կառույցների

116

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցերով այսօր դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:

Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։

Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։

Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների բացարձակ և չունի լեգիտիմություն:

Հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:

Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։ Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:

Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ: