ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին հայտարարությանը

204

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին հայտարարության հետ:

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։