«Պոլսի նորընտիր պատրիարքը պետք է լինի ոչ միայն հոգևոր, այլև ազգային առաջնորդ». թուրքագետ

253

Դեկտեմբերի 11-ին Ստամբուլի հայ համայնքում պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ 12 տարվա դադարից հետո վերջապես համայնքը ընտրեց  Հայոց պատրիարքին։ Պատրիարք ընտրվեց  Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` այսուհետ Սահակ 2-րդ Պատրիարք։

Պոլսի Հայոց նախորդ պատրիարքը՝ Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով երկար տարիներ չէր կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Այդ շրջանը տևեց մոտավորապես 12 տարի։  Այս ընթացքում համայնքը 2 անգամ փորձեց ընտրել նոր պատրիարք, սակայն փորձերը անհաջողությամբ ավարտվեցին, քանի որ պետությունը թույլ չէր տալիս անցկացնել նոր ընտրություն՝ այն պատճառաբանությամբ, որ քանի դեռ պատիարքը ողջ է նոր պատրիարք չի կարելի ընտրել։
Այսպիսով նոր պատրիարքի ընտրությունը հնարավոր դարձավ միայն Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո։
Պոլսի 85-րդ  պատրիարքի ընտրության մասին «Region Monitor»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ, ով այս օրերին գտնվում է Ստամբուլում և տեղում հետևում է ընտրություններին։

Ի՞նչպես կգնահատեք ընտրական ողջ գործընթացն ու արդյունքը։

Գործընթացը այդքան էլ հեշտ չէր։  Վերջին ամիսները, որոնց ընթացքում նախապատրաստվում էր պատրիարքի ընտրությունը, անցել են բավականին բարդ, երբեմն  նույնիսկ անհանդուրժողականության մթնոլորտում։

Ինչպես գիտեք, պետությունը այս ընտրություններում թեկնածուների առաջադրման հարցում սահմանափակում էր մտցրել։ Ըստ այդ սահմանափակման, Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ ներկայիս տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պատրիարքական աթոռի մյուս հավակնորդները այդպիսով զրկվել էին ընտրություններում առաջադրվելու իրավունքից, այդ թվում նաև ամենահավանական թեկնածու  Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։  Սա հավելյալ լարվածություն էր առաջացրել համայնքում։ Որոշ շրջանակներ բարձրացնում էին նաև ապագա պատրիարքի լեգիտիմության հարցը։ Սակայն լեգիտիմության հարցը կարելի է ասել որոշակիորեն մեղմվեց ընտրության ընթացքում, քանի որ ձայների ճնշող մեծամասնություն էր ստացել Սահակ Մաշալյանը։

Եթե ընտրությանը մասնակցեր ևս մեկ թեկնածու, օրինակ Չուլջյանի մասնակցության դեպքում, ընտրությունը ամբողջությամբ այլ պատկեր կարող էր ունենալ։

Ի՞նչով էր պայմանավորված Մաշալյանի հաղթանակը։

Սահակ Մաշալյանի այսքան շատ ձայն ստանալու պատճառներից մեկն ըստ իս այն է, որ համայնքի շատ ներկայացուցիչները, ովքեր նրա օգտի քվեարկել են, ոչ այնքան նրա աջակիցներն են, այլ պարզապես դեմ են մյուս թեկնածուին՝ Արամ Աթեշյանին։  Նրանք Մաշալյանին ընտրել են որպես հակակշիռ Աթեշյանին։ Սա նրա ընտրվելուն նպաստող հանգամանքներից մեկն է։ Սակայն չենք կարող հերքել նաև, որ ընդհանուր տպավորությամբ Սահակ Մաշալյանը բազմաթիվ աջակիցներ ունի. աջակիցներ, որոնք անկախ թեկնածուների քանակից գնալու էին և ընտրելու էին Սահակ Մաշալյանին։

Ի՞նչպես կգնահատեք համայնքի հետաքրքությունն ու մասնակցությունը պատրիարքի ընտրությանը։

Ըստ որոշ տվյալների՝ համայանքում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 35-40 հազար է։ Այս ընտրությանը մասնակցել է 14 հազար մարդ։ Հաշվի առնելով, որ այս անգամ մի մասն ընտրությունը բոյկոտել և չի մասնակցել՝ կարելի է ասել, որ նախորդ ընըտրության ժամանակ  գրանցված մոտ 16000 ցուցանիշի հետ բաղդատելի թիվ է ստացվում։  Սա ցույց է տալիս, որ համայնքի մի հատվածը կարծես թե անտարբեր է ընտրությունների հանդեպ։ Սա նաև նոր պատրիարքի առաջ կանգնած խնդիրներից է, որպեսզի նա հասկանա, թե ինչպես կարելի է այս հատվածին ևս ներգրավել համայնքային կյանքին։

Այնուամենայիվ, պետք է նշել այն մեծ ոգևորությունը որ կա համայնքի այն հատվածի մոտ, որը  մասնակցել է ընտրությանը։ Բավականին ակտիվ հատված է, որը մեծ ոգևորությամբ էր ընդունում այն փաստը, որ այս անորոշության շրջանից հետո վերջապես պատրիարք է ունենալու։

 Ինչ սպասելիքներ ունի համայնքը նոր պատրիարքից։

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այս 12 տարիների ընթացքում, երբ փոխարինում էր Մութաֆյանին կարելի է ասել չկարողացավ շահել համայնքի վստահությունը։ Նա արել է արարքներ, որոնք բացասական հետք են թողել համայնքում։ Համայնքի շատ ներկայացուցիչներ ասում են «12 տարում ի՞նչ կարողացավ անել, որ հիմա ինչ-որ բան փոխի»։

Իսկ Սահակ Մաշալյանի մասին կարծիքը հակառակն է։ Նա համարվում է համայնքի հետ վերևից չշփվող , այլ հավասարը հավասարի պես շփվող հոգևորական։ Մաշալյանը համայնքում սիրված է իր անմիջականության, շիտակության և հոգևոր կյանքին նվիրվածության համար։

Սահակ Սրբազանը կարևոր շեշտադրում արեց իր ելույթում՝ միասնության կոչ անելով համայնքին։  Նա նշեց, որ այևս չկան բաժանումներ համայնքի մեջ և բոլորս արդեն մեկ ենք։  Սա վկայում է այն մասին, որ ինքը՝ Սահակ Մաշալյանը, ևս կարևորում է միասնականությունը համայնքի ներսում՝ համարելով դա խնդիրների հաղթահարման ամենակարևոր հանգամանքներից մեկը։»

Բնականաբար, համայնքում կա նաև նրան քննադատող հատված։ Սա այն հատվածն է, որը ավելի աշխարհիկ է, ավելի կտրված է եկեղեցուց։ Նրանք գտնում են, որ պետք է ընտրել պատրիարքի, որ կլինի ոչ միայն հոգևոր այլ նաև ազգային առաջնորդ։

Ինչը, բնականաբար, կարևոր է, հատկապես Պոլսի հայ համայնքի դեպքում՝ հաշվի առնելով Թուրքիայի առաձնահատկությունը որպես պետություն, որտեղ կրոնական համայնքի առաջնորդը համարվում է տվյալ համայնքի ներկայացուցիչը պետության առաջ։ Իսկ հայ համայնքի դեպքում հատկապես անհրաժեշտ է, որ նորընտիր պատրիարքը լինի ոչ միայն լավ հոգևորական, այլև հմուտ դիվանագետ, ազգային առաջնորդ, համայնքային շահերի պաշտպան։

Պետք է հաշվի առնել, որ հայ համայնքը ապրում է մի երկրում , որտեղ շատ խնդիրների լուծում կախված է նրանից թե պետության հետ ինչ չափի համագործակցություն կլինի։ Սա կարևոր հանգամանք է , որ միշտ պետք է հաշվի առնել։