ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության հավանական սցենարն ու Հայաստանի նոր հնարավորությունները

140

Վերջին շրջանում ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության հնարավորության շուրջ քննարկումների ակտիվացումը պայմանավորված է ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում ակնկալվող զարգացումներով՝ որպես, օրինակ, Իսլամական հանրապետության դիրքերի ամրապնդման և սակարկային նոր միջավայրի ձևավորման հերթական սցենար։ Այս ձևաչափի շրջանառումը, միանշանակորեն, թելադրված է նաև արցախյան վերջին պատերազմի հետևանքով տարածաշրջանում նախկին ուժային հավասարակշռության խախտման իրողությամբ։

Միանշանակ է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի արձանագրած ոչ միայն ռազմաքաղաքական, այլև ռազմավարական և տնտեսական ժամանակավոր առավելությունը, տարբեր հարթություններում նրանց «առաջնորդությամբ» դրսևորվող նախաձեռնողականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում կենսական շահեր ունեցող դերակատարների, հատկապես՝ Ռուսաստանի և Իրանի համար, որոնցից յուրաքանչյուրը, ավաղ, միայնակ չի կարող դիմակայել թյուրքական գործոնով պայմանավորված նոր մարտահրավերներին։

Հետևաբար, տարածաշրջանում ակտիվացած տնտեսական նախաձեռնությունների համատեքստում Իրանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության պարագայում միանշանակորեն կարող է ձևավորվել դիրքային նոր հարաբերակցություն՝ 3:2,5(0,5՝ Վրաստանի մանևրային հնարավորություններն օբյեկտիվորեն խիստ սահմանափակ են) ձևաչափով, որտեղ միանշանակ առավելությունը Ռուսասատան-Իրան-Հայաստան կողմինն է լինելու։

Զարգացումների նման ընթացքի հնարավորությունը ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից՝ ներկայում ռազմավարական և տնտեսական հարթություններում սեղմված թյուրքական «աքցանն» առավել արդյունավետությամբ ճեղքելու հարցում։ Հետևաբար, չնայած որոշ տնտեսական մարտահրավերներին, այնուամենայնիվ, Երևանը պետք է հնարավոր բոլոր ուղղություններում դրսևորի ակտիվ միջնորդական, նախաձեռնողական դերակատարում՝ ներկայում դեռևս ծավալվող քննարկումների շուրջ օր առաջ առարկայական օրակարգ ձևավորելու նպատակով։ Նման իրավիճակը լավագույն հնարավորություն է նաև տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման գործընթացը հնարավորինս հայաստանամետ հուն տեղափոխելու համար, հատկապես, երբ և՛ հյուսիսից (աբխազական երկաթուղու գործարկումը), և՛ հարավից(Ջուլֆա-Նախիջևան երկաթուղու վերագործարկման կարևորության շեշտադրումը) հնչող ուղերձները հենց զարգացումների նման սցենարի օգտին են։

Արմեն Պետրոսյան