Վրաստանում իրադարձությունները շատ արագ են զարգանում. նոր վարչապետ, ընդդիմության առաջնորդի ձերբակալություն

147

Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը 89 կողմ ձայնով վստահություն հայտնեց Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Դեմ են քվեարկել «Քաղաքացիներ» կուսակցության երկու ներկայացուցիչը, ձեռնպահ մնացել՝ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները: Վրաստանի նոր կառավարությունն ունի հետևյալ կազմը.

  • Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
  • Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
  • Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
  • Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
  • Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
  • Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
  • Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի

Վրաստանում, սակայն, իրադարձությունները շատ արագ են զարգանում:

Ղարիբաշվիլիի՝ վարչապետ դառնալուց ժամեր անց ձերբակալվեց  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Նրան ձերբակալելու համար հատուկ գործողություն է իրականացվել, քանի որ Մելիայի կողմնակիցները թույլ չէին տալիս իրավապահներին մտնել կուսակցության շենք:  Հատուկ ջոկատայիններին հաջողվել է շենք մտնել հակահրդեհային մուտքով, և ձերբակալել Մելիային:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Նիկա Մելիայի նկատմամբ դատարանի որոշման պատճառով վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Գիորգի Գախարիան, քանի որ այդ հարցով իշխող թիմի հետ համաձայնության չէր հասել:

Նշենք, որ դատարանը փետրվարի 17-ին Մելիային կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն կուսակցության անդամները, տասնյակ աջակիցներ թույլ չեն տվել ձերբակալել կուսակցության նախագահին: