Բաղդադում կայացել են Հայաստանի և Իրաքի ԱԳՆ-ների միջև քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ

62

Փետրվարի 22-ին Բաղդադում տեղի ունեցան Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, իրաքյան կողմից՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիզար Խեյրալլահը։

Կողմերը ստորագրեցին «Իրաքի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև`«Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Նույն օրը Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Խաֆաջիի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հայտնի պատճառներով հետաձգված երրորդ նիստի՝ Բաղդադում անցկացման հնարավոր ժամկետներին։

ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպեց ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի և Հայ ազգային կենտրոնական վարչության անդամների հետ։