Էկոնոմիկայի նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը

81

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը:

«Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,-ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով, նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով: