ԵՄ-ը Վրաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսություն կազմակերպելու համար միջնորդ է նշանակել

91

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թբիլիսի կատարած այցի արդյունքներով Վրաստանում իր անձնական ներկայացուցիչ է նշանակել, որին հանձնարարված է միջնորդ լինել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը: Այս պաշտոնը զբաղեցնելու է Շվեդիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախկին ղեկավար Քրիստիան Դանիելսոնը:

«Նախագահ Միշելը Քրիստիան Դանիելսոնին նշանակել է իր անձնական ներկայացուցիչը Վրաստանում՝ ԵՄ-ի միջնորդությամբ շարունակվող քաղաքական բանակցությունների համար: Միշելը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համագործակցությամբ Դանիելսոնին հանձնարարել է մասնակցել Վրաստանում ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններին՝ վերսկսելու մարտի 1-ին Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքում մեկնարկած քաղաքական երկխոսությունը»,-ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Միջնորդը Վրաստան կայցելի մոտ օրերս: Թբիլիսիում Դանիելսոնը համագործակցելու է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի հետ: