Սաուդյան Արաբիան Սիրիայի ու Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց է սկսում

293

Մերձավոր Արևելքում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած բուռն զարգացումների արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում, ինչպես նաև Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի հարցով օրերս կայացած հերթական հանդիպման համատեքստում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարաբերություններում,-այդ մասին «Region Monitor»-ի հետ զրույցում նշել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Փորձագետի փոխացմամբ՝ վերջերս Սաուդյան Արաբիա է այցելել Սիրիայի տեղեկատվության (հետախուզություն) կազմակերպության ղեկավարը, որը Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ քննարկել է քաղաքական և անվտանգությանն առնչվող հարցեր:

«Ուշագրավ է, որ Սիրիայի հետախուզական կազմակերպության ղեկավարի այցին նախորդել էր սիրիացի լրագրողների խմբի այցը Սաուդյան Արաբիա, որտեղ նրանց առաջարկվել է Սիրիայի և Սաուդյան Արաբիայի միջև հաշտության մասին համաձայնագիր ստորագրել: Նախատեսվում է, որ սիրիացի լրագրողներն այժմ Սաուդյան Արաբիայի առաջարկը պետք է ներկայացնեն Սիրիայի հասարակության քննարկմանը, որից հետո Դամասկոսը համապատասխան որոշում կկայացնի»,-նշել է փորձագետը:

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի՝ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու շարժառիթները՝ Իսրայելյանը նշել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի է, որ տարածաշրջանի արաբական երկրները, որոնք սիրիական հակամարտության ընթացքում խզել էին Դամասկոսի հետ հարաբերությունները, այսօր կրկին փորձում են Սիրիայում վերաբացել իրենց դեսպանությունները և շտապում են մասնակցել Սիրիայում սպասվող քաղաքական գործընթացներին»:

Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններին՝ Իսրայելյանը նշել է, որ Սաուդյան Արաբիայի և Սիրիայի միջև հաշտության շուրջ ընթացող քննարկումներին զուգահեռ Պակիստանն է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցություններ նախապատրաստում: Նրա խոսքով՝ վերջին շրջանում Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կարգավորելու նպատակով փորձում է միջնորդական առաքելություն իրականացնել Պակիստանի վարչապետ Օմրան Խանը: Վերջինիս՝ Էր Ռիադ այցը նախապատրաստելու նպատակով օրերս Սաուդյան Արաբիա է այցելել Պակիստանի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը:

«Իրանի ներքին լարված իրադրության, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված անվտանգության անբարենպաստ միջավայրի պայմաններում Իրանը բավական բարդ իրադրության մեջ է հայտնվել: Թեհրանը ստեղծված իրավիճակում փորձում է դուրս չմնալ Եմենի, Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հարցում որոշումների կայացման գործընթացներից, սակայն Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունն անկաշկանդ քաղաքականություն վարելու Իրանի հնարավորությունները սահմանափակում են: Իրանն այսօր առաջնային երեք խնդիր է փորձում լուծել՝ նախընտրական շրջանում պահպանել երկրի կայունությունը, սահմանակից շրջաններում (Իրաք, Աֆղանստան) չեզոքացնել հնարավոր սպառնալիքները և հնարավորինս քիչ ազդեցության թուլացում արձանագրել տարածաշրջանում ընթացող փոփոխություններում»,-հավելել է իրանագետը: