Պաշտպանը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

68

Ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին:

Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով:

Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։