Անկարան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ. Փաշինյան

138

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Անկարան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ:

Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակ է 1993թ.-ից Անկարայի կողմից:

«Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն դա մերժում է հենց Թուրքիան»-նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր հարթություն է ձեռք բերել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում:

«Թուրքիան, մասնավորապես, Ադրբեջանին ուղիղ տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև զինված գրոհայինների: Այդ համատեքստում, տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսության վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի իր այդ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,-ասել է Փաշինյանը: