ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունն այցել է Վրաստան

72

Ապրիլի 5-7 ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել հայկական և վրացական պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցություններ, որոնք վերաբերել են Հայաստանից Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներին և ոլորտային համագործակցությանը։ Բանակցություններին քննարկվել են տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները:

Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը:

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հետ հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաև Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։ Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող հարցեր։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան։