Զատուլին. «Ադրբեջանն իր համար գլխավոր դաշնակից է դիտարկում Թուրքիային, այլ ոչ թե Ռուսաստանին»

567

Ադրբեջանն իր համար գլխավոր դաշնակից է դիտարկում Թուրքիային, այլ ոչ թե Ռուսաստանին:

Այս մասին հայտարարել է  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NovostiNK-ին տված հարցազրույցում:

«Այո՛, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ լավ են, ընդ որում՝ փոխադարձաբար: Բայց այնուամենայնիվ Բաքուն չի թաքցնում, որ որպես գլխավոր դաշնակից ավանդաբար դիտարկվում է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը: Ինձ թվում է, որ մենք պետք է դա հանգիստ ընդունենք: Հաշվի առնելով սերտ կապերի, ընդհանուր մշակույթի առկայությունը և, ընդհանուր առմամբ, այդ երկու ժողովուրդների ազգակցությունը, Ադրբեջանի նման ընտրությունը շատ բնական երևույթ է»,- ասել է Զատուլինը:

Վերջինիս կանխատեսմամբ Մոսկվան ամեն դեպքում մտադիր է զարգացնել հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ընդ որում 2 դեպքում էլ այդ հարաբերությունները պետք է լինեն առավելագույնս փոխշահավետ ու բարեկամական:

Այնուամենյանիվ, ըստ Զատուլինի, Մոսկվայի հարաբերությունները Երևանի հետ ավելի խոր բովանդակություն ունեն, քան Բաքվի: Ըստ ռուս գործչի՝ դրան նպաստում են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: