Զուրաբիշվիլին Ղարաբաղի հակամարտության մասին՝ Հռոմի պապի հետ հանդիպմանը

183

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վատիկան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վրաստանի նախագահը հարցազրույց է տվել իտալական հայտնի nova.news գործակալությանը, որտեղ խոսել է նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, Արցախյան հակամարտության մասին, հայտնում է Aliq.ge-ը:

«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների մասին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ծագած բախման մասին. Վրաստանը, ավանդույթի համաձայն, նորագույն պատմության մեջ էլ առաջին անգամ կարողացավ միջնորդ դառնալ երկու երկրների միջև: Հուսով ենք, որ առկա իրավիճակը կբարելավվի, հատկապես Հայաստանի ընտրություններից հետո», — զրույցում ասել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլին նշել է.

«Հակամարտության առաջին փուլերից ի վեր Վրաստանը երկու երկրների իշխանություններին հնարավորություն է ընձեռել Թբիլիսիում երկխոսություն վարել, և մենք հուսով ենք, որ կշարունակենք այդ գործընթացում ստանձնած մեր դրական դերը։ Վրաստանի համար ևս կարևոր է, որ երկու հարևան երկրները լավ հարաբերություններ ունենան: Մեծ ողբերգություն կլիներ, եթե այս հակամարտությունն ընդլայնվեր: Մենք ուզում ենք երկխոսության և կայունության հարթակ տրամադրել: Դա Վրաստանին բնորոշ է` դա է վկայում մեր երկրում կրոնական և էթնիկ տարբեր խմբերի համակեցությունը։ Գոյատևման և զարգացման այլ տարբերակ չկա», — ասել է նախագահը` հավելելով, որ պապի հետ նման շփումները շատ կարևոր են ապագայի համար ևս։