ԱՄՆ Վարոշայում Թուրքիայի գործողություններն անվանել է սադրիչ և անընդունելի

284

ԱՄՆ դատապարտել է Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասը (Վարոշա) պետք է հանձնվի կիպրոսցի թուրքերի վերահսկողությանը:

«Այդ քայլը բացահայտ անհամատեղելի է ՄԱԿ ԱԽ 550 և 789 բանաձևերի հետ, որով բացահայտ կոչ է արվում, որ Վարոշան պետք է մնա ՄԱԿ հովանու ներքո: ԱՄՆ-ը Վարոշայում Թուրքիայի աջակցությամբ կիպրոսցի գործողությունները համարում է սադրիչ, անընդունելի և անհամատեղելի կարգավորման բանակցություններին կառուցողական մասնակցելու նախկինում ստանձնած պարտավորությունների հետ:

Մենք կիպրոսցի թուրքերին և Թուրքիային հորդորում ենք հետ կանգնել իրենց որոշումից և բոլոր քայլերից, որոնք ձեռնարկվել են 2020 թվականի հոկտեմբերից:

Մենք կարևորում ենք, որ չպետք է թույլ տալ սադրիչ միակողմանի գործողություններ, որոնք կբարձրացնեն լարվածությունը կղզում և կխոչընդոտեն Կիպրոսի կարգավորման բանակցությունները վերսկսելու ջանքերը` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի:

Մենք շարունակում ենք աջակցել կիպրոսցիների կողմից ղեկավարվող համապարփակ կարգավորմանը՝ նպատակ ունենալով վերամիավորել կղզին՝ որպես երկզոնալ, երկհամայնքային ֆեդերացիա՝ ի շահ բոլոր կիպրացիների և ամբողջ տարածաշրջանի»,-ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացիայի տակ գտնվող ցանկապատված Վարոշան փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։