Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանի, այլ վրացի գործչի հայտարարությանը

486

Վրացական  «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն նախօրեին Վրաստանի տնտեսության մասին հայտարարություն է արել՝ նշելով, որ Վրաստանը կորցնում է առաջատարի դիրքը տարածաշրջանում. «Մենք արդեն կորցրել ենք մեր տնտեսական դիրքը տարածաշրջանում: Իհարկե, մենք գոհ ենք հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողություններից, բայց միևնույն ժամանակ կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը։ Վրաստանի տնտեսությունը կանգ է առնում, և Վրաստանի ներքին և արտաքին պարտքը վերջին 7 տարում աճել է 2,5 անգամ ՝ հասնելով 22,5 միլիարդ լարի»։

Վրաստանի կառավարության երեկվա նիստից հետո երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է վերոնշյալ հայտարարությանը՝ ասելով.

«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում»,- հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը:

Նշենք, որ Մամուկա Խազարաձեն Վրաստանի տնտեսության մասին հայտարարությանը նախորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումը, որ 2019 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն անցել է Վրաստանին, իսկ 2020 թվականին կանցնի Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիր։

Օգտագործելով առիթը հայկական որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածել թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ՀՀ վարչապետի գրառմանը, այնինչ վրացի նախարարի արձագանքը վերաբերում է վրացական  «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը։