Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հանդես գալ հայ երգչուհու հետ

437

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ համատեղ ելույթից՝ վերջինիս հայ լինելու պատճառով։ Արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում: Տեղեկությունը հրապարակվել է ֆրանսիական forumopera.com կայքում։ Թեմային անդրադարձել է նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Facebook» սոցիալական ցանցում նա հետևյալ գրառումն է կատարել․

«Ու՞ր ենք հասել… ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել»:

Հավելենք սակայն, որ միջադեպի շուրջ բարձրացած համընդհանուր աղմուկից հետո Դրեզդենի օպերայի ղեկավարությունը հերքում է հրապարակել՝ պնդելով, որ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ պարզապես պայմանագիր չի կնքվել և դա պայմանավորված չէ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի ճնշմամբ։

Դրեզդենի հայտնի օպերային պարահանդեսը կկայանա 2020 թվականի փետրվարի 7-ին: