Մահչուփյան. «Եթե Դավութօղլուն պատմեր այն մասին, թե ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվեր»

445

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության» գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանի կարծիքով, Դավութօղլուն կարող էր վերաշարադրել Թուրքիայի Հանրապետության պատմությունը, եթե պատմեր այն ամենի մասին, ինչ գիտի։

«Եթե Դավութօղլուն պատմեր այն ամենի մասին, ինչ գիտի, ապա ոչ վաղ անցյալի ողջ մեր պատմությունը նորից կվերաշարադրվեր։ Ես դա գիտեմ, որովհետև որոշ բաներ լսել եմ, բայց ես չէ որ պետք է այդ մասին պատմեմ։ Էրդողանի կախվածությունը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ավելի շատ է, քան ԱԶԿ-ի կախվածությունը՝ Էրդողանից։ Երբ Էրդողանը մեկուսացված է և աշխատում է սահմանափակ քանակով թիմի հետ, ինչպես հիմա, ապա նման պարագայում ոչ մի շանս չկա, որ նա կարող է լավ ռազմավարություն մշակել»,-ասել է Մահչուփյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագայի կուսակցության» (Gelecek) հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին:

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: