Լև Սպիվակը բարձր է գնահատել հավանականությունը, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

214

Ադրբեջանում անդրադարձել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի իսրայելյան այցին և այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը։

Իսրայել–Ադրբեջան միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լև Սպիվակը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում միանգամայն հավանական է համարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Որպես հիմնավորում նա նշել է Իսրայելի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների չափազանց թույլ վիճակը, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստվում է Իսրայելում դեսպանատուն բացել։

Սպիվակը էական է համարել նաև հայ-իսրայելական պատմագիտական ակտիվ առնչությունները, վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թեմայի ակտիվ քննարկումն ու պարբերական անդրադարձները իսրայելական հասարակական ու մշակութային շրջանակներում։

Այնուամենայնիվ, նա տեսակետ է հայտնել, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի անդրադառնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, քանի որ վերջինս Իսրայելի ամենախոշոր ռազմավարական գործընկերներից է․ երկու երկրների միջև զենքի առքուվաճառքի խոշորագույն պայմանագրեր են կնքվել։

Հիշեցնենք, որ Հունվարի վերջին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը։ Արմեն Սարգսյանի այցից հետո իսրայելական մամուլում բուռն կերպով սկսել էր արծարծվել Հայոց ցեղասպանության թեման։