Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարին

201

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մոմավառությունից հետո Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Սփյուռքի հարցերով գրասենյակի հետագա ծրագրերը, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Սինանյանը այցելել է 104-րդ հայկական և 103-րդ հայ-վրացական դպրոցներ, ինչպես նաև եղել է հայալեզու «Վրաստան» թերթի խմբագրությունում։

Սինանյանը հանդիպել է նաև Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ:

Երկկողմ հանդիպման ընթացքում պետնախարարը ներկայացրել է Վրաստանի քաղաքացիական ինտեգրման քաղաքականությունն ու առաջնահերթությունները: Շեշտը դրվել է այն  նախագծերի և միջոցառումների վրա, որ իրականանում են այս քաղաքականության շրջանակներում:

Ցիխելաշվիլին նշել է, որ ազգային փոքրամասնությունների՝ հանրային տարբեր ոլորտներում ներգրավվածության տեսանկյունից դրական առաջխաղացումներ կան Վրաստանում: Նշվել է նաև, որ էթնիկ փորամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների մի մասն արդեն ոչ միայն լավ է տիրապետում պետական լեզվին, այլև տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների է հասել:

Հանձնակատարն իր հերթին նշել է, որ դարերի ընթացքում Վրաստանում շատ բարեկամական հարաբերություններ ունեն տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: