Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ. Արմեն Գրիգորյան

140

Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ: Երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ: Միանշանակ ստուգվելու է, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը քննարկվել է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում:

«Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Նոյեմբերին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երևանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակում է սա մնալ»,-ընդգծեց նա: