Ադրբեջանում ցույցերը ցրելիս ոստիկանները բռնություն են գործադրել կին լրագրողների նկատմամբ

209

Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը շարունակել են նաև փետրվարի 12-ին։ Գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ցրման ընթացքում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել պատգամավորների թեկնածուներ և բազմաթիվ լրագրողների նկատմամբ:

News.am-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական Contact.az-ը տեղեկացնում է, որ ոստիկանները կին լրագրողներին շպրտել են ավտոբուսների մեջ։ Նրանցից մի քանիսը վնասվածքներ են ստացել, ինչպես Այնուր Էլգյուշենը, ում գլուխը ոստիկանները ջարդել էին: Ձերբակալվել են նաև ֆրիլանսեր Այթաչ Թափթիգը, Սեւինջ Րագիֆգիզին` Meydan TV-ից (ձեռքի լուրջ վնասվածք եւ կապտուկներ դեմքին), Ուլվիա Գուլիևեւան և Այգուն Ռաշիդովան` «Ամերիկայի ձայնից»:

Բոլոր ձերբակալվածները ենթարկվել են հարկադիր կալանքի եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանցից խլել են տեսախցիկները` թույլ չտալով նկարահանել:

Ձերբակալվածների թվում է Basta.info կայքի խմբագիր Մուսթաֆա Հաջիբեյլին, որին առանձին ավտոմեքենա են նստեցրել եւ դաժան ծեծի են ենթարկել: Բոլոր ձերբակալվածներին մոտ երկու ժամ պահել են ավտոմեքենաներում եւ միայն կեսգիշերին բաց են թողել «20-րդ տեղամասում»` մայրուղուց հեռու: Երեք լրագրող կանանց, այդ թվում` Խադիջա Իսմայիլովային, ձերբակալել եւ գցել են գետնին այն պահին, երբ նրանք եկել են իրենց ձերբակալված գործընկերների ավտոբուսի հետեւից