ՀՀ ԱԳՆ խոսնակ․ «Ադրբեջանը ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ԼՂՀ հակամարտությամբ»

202

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, թե այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, ինչի արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ:

«Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում՝ ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, թե այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»,- ասել է Աննա Նաղդալյանը: