Լրագրողներ առանց սահմանների. «Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը»

160

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  միջազգային կազմակերպությունը  փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվում լրագրողների աշխատանքը խոչընդոտող առնվազն 18 դեպք է գրանցել:

«Որոշ դեպքերում լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիզիկական բռնության են ենթարկվել: Ադրբեջանի իշխանությունները այս բռնության համար պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,-այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Չորեքշաբթի երեկոյան ոստիկանության հատուկ ուժերը բռնի կերպով ցրել են այն պատգամավորների թեկնածուներին, որոնք նստացույց են անցկացրել Բաքվում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:  Որոշ լրագրողների հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանց մի մասը ձերբակալվել և ծեծի  է ենթարկվել:

Նշվում է, որ մինչ  ցուցարարներին բռնի կերպով կնետեին ավտոբուսները, բողոքի ակցիան լուսաբանող 7 կին լրագրողի ոստիկանությունը ծեծի էր ենթարկել և նրանցից խլել տեսախցիկներն ու հեռախոսները:

Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել «Meydan» հեռուստաընկերության,  «Ամերիկայի ձայնի» և «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունների  լրագրողները:

Ըստ RSF-ի` ոստիկանությունը կեսգիշերին այդ լրագրողներին տարել է քաղաքի ծայրամասեր և ազատ արձակել: 3 լրագրող, որոնք փորձել են  տաքսիով հետևել վերջիններիս, ձերբակալվել և ծեծի են ենթարկվել:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական և լրագրողական բազմակարծությունը ՝ չնայած ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ իրենց միջազգային պարտավորություններին և խոստումներին», — ասել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավարը:

Ադրբեջանի անկախ մամուլը գրում է ընտրախախտումների մասին, նշելով, որ բազմաթիվ լրագրողներ բռնության են ենթարկվել ոչ միայն իրավապահ մարմինների, այլև ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:

Միայն ընտրությունների օրը RSF-ն արձանագրել է լրագրողների դեմ իրականացված առնվազն 8 հարձակման դեպք: