Փորձագետ․ «Այս օրը մեզ պարտադրում է հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են»

233

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2004 թ-ի փետրվարի 19-ին Հունգարիայում 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր:

«Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են և դա ամենևին չի փոխվել։ Սա իրականության ընկալումն է, թե ում հետ մենք գործ ունենք։

Ցավալի պատմություն է, սակայն պատմություն չէ մի հայ սպայի վերաբերյալ, պատմություն է Ադրբեջան պետության և նրա որդեգրած քաղաքականության վերաբերյալ, որը եղել է թե Գուրգեն Մարգարյանի սպանությունից առաջ,  թե պահպանվում է մինչ օրս»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նա հիշեցրել է նաև, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանը կրկին նույն ձեռագիրը ցույց տվեց։ Այդ ժամանակ ադրբեջանցի ենթասպաներից մեկը պաշտպանության բանակի եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխն էր գյուղից գյուղ տանում, ցույց տալիս բոլորին ու հրճվում։

Փորձագետի խոսքով՝ և՛ Սաֆարովը, և՛ այդ ենթասպան այժմ Ադրբեջանում որպես հերոսներ են ընդունվում, նրանք ադրբեջանական երիտասարդության համար հերոսների են վերածվել։

«Սա պետություն է, որի հետ մենք գործ ունենք»,- ընդգծել է Տարոն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 5:30-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում դաժանաբար կացնահարել էր 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։ Նույն օրը նա մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, սակայն այս անգամ ոճրագործությունը հաջողվել էր կանխել: Հայ և ադրբբեջանցի զինվորականները այլ երկրների ներկայացուցիչների հետ Հունգարիա Էին մեկնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով։